Երբ դատավորը «թաքցնում է» վճիռը

ԵՐԲ ԴԱՏԱՎՈՐԸ «ԹԱՔՑՆՈՒՄ Է» ՎՃԻՌԸ

Մի քանի օր առաջ առիթ եղավ առնչվելու այնպիսի դեպքի հետ, երբ դատավորը, օգտվելով գործին մասնակցող անձի՝ իր դատավարական իրավունքներից անտեղյակ լինելուց, շփոթության մեջ էր գցել նրան, անգամ սխալ ներկայացնելով օրենքը, որ վճռի դեմ բողոք ներկայացնելու ժամկետը սկսվում է այն ստանալու և ոչ թե հրապարակման պահից, և շուրջ 28 օր անհիմն ձևով ձգձգում էր վճռի հանձնումը գործին մասնակցող անձին՝ զրկելով բողոքարկելու հնարավորությունից։

 Մինչդեռ ոչ վաղ անցյալում՝ 12.04.2013 թ․, ՀՀ արդարադատության խորհուրդն անդրադարձել էր այդ արատավոր երևույթին, որն առկա է մեր դատական համակարգում և, ցավոք, դարձել է պրակտիկա, որ գործին մասնակցող անձանց դատարանի վճիռը հանձնվում է ոչ թե վճռի հրապարակումից անմիջապես հետո կամ հաջորդ օրը՝ պատվիրված նամակով ուղարկվելով գործին մասնակցող անձանց, այլ անընդհատ և անհիմն պատճառաբանություններով դատավորի կամ նրա աշխատակազմի կողմից, անշուշտ դատավորի գիտությամբ, վճռի հանձնումը ձգձգվում է՝ ընդհուպ մինչև վճռի բողոքարկման ժամկետի ավարտը։

Այսպես, ՀՀ արդարադատության խորհուրդն արձանագրել է․

«Դատարանի դրսևորած անգործության արդյունքում երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատարանի` իր կողմից կայացված դատական ակտերը սահմանված ժամկետում` հրապարակման կամ հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու կոնկրետ պահանջ, թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի վերը նշված պահանջների խախտում` դատական ակտը հայցվորին հանձնելով վճռի հրապարակումից հետո քսանմեկերորդ օրը, որի արդյունքում պայմաններ են ստեղծվել թիվ ԵՇԴ/0865/02/11 քաղաքացիական գործով հայցվոր կողմի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված անձի արդար դատաքննության տարր հանդիսացող դատական ակտի և բողոքարկման իրավունքի խախտման համար»:

Փաստորեն, սա էլ բավական չէր նույն դատարանի մեկ այլ դատավորի համար, հասկանալու, որ զերծ մնա նման ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալուց։

 Երբ դատարանի «ճիրաններում» հայտնված անձը նման խնդրով դիմեց մեր գրասենյակ, օպերատիվ ձևով ձեռնարկեցինք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները՝ տվյալ անձին այդ վիճակից դուրս բերելու համար ու հասկացնելու դատավորին, որ անթույլատրելի է նման կերպ վարվել այն անձի հետ, ով դիմել է իր խախտված իրավունքները դատական պաշտպանության միջոցով վերականագնելու խնդրանքով։

Անմիջապես պատշաճ իրավական հիմնավորմամբ դիմում ներկայացրեցինք համապատասխան դատարանի նախագահի անունով (կրկնօրինակն ուղարկեցինք տվյալ դատավորին)` խնդրելով իր հանձնարարականը վճռի օրինակն անհապաղ տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև հետևել այդ դատավորի կարգապահության պահպանմանը և եզրակացություն ներկայացնել Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով նշված խախտման վերաբերյալ։

Օրինախախտ և ինչ-որ չափ վախեցած դատավորի արձագանքը շատ ուշացնել չտվեց, և վերջինս, ով պետք է պահպանի օրենքը և, որպես գերակա սկզբունք, կիրառի օրինականության սկզբունքը, թաքցրած տեղից անմիջապես դուրս բերեց և գործին մասնակցող անձին տրամադրեց վճռի օրինակը՝ խնդրելով հետ վերցնել վերոնշյալ դիմումը, իսկ հետո հասկանալով, որ ապարդյուն է նման «խնդրանքով» հարցը լուծել, սկսեց պահանջել, վերջում արդեն սպառնալ, որ տվյալ անձի ու նրա փաստաբանի համար վատ հետևանքներ կլինեն։

Հատկանշական է այն, որ նման վարքի դատավորները ջանադրաբար փորձում են անհատի մոտ վարկաբեկել փաստաբաններին՝ նրանց մասնագիտական կարողություններն ու իմացությունները։

Հետաքրքիր է նաև այն, որ դատավորին որևէ բարոյական նորմ չօգնեց ետ կանգնել իր արատավոր մոտեցումից, այլ միայն՝ ՀՀ արդարադատության խորհրդի պատժից վախը, որի հետևանքով նա հնարավոր է զրկվի իր պաշտոնից։

Վերոգրյալից կարող ենք փաստել, որ ինչ էլ լինի, ում դեմ էլ լինի պայքարը, պետք է օրենքի սահմաններում պայքարել մինչև վերջ, ով էլ լինի, պետք է հասնել նրան, որ հարգեն քեզ, քո իրավունքներն ու օրինական շահերը։

Մենք՝ փաստաբաններս, փորձում ենք այդ դժվարին պայքարում ստանձնել ամենածանր բեռը․ բոլոր օրինական միջոցներով պայքարել հանուն արդարադատության, հանուն մեր վստահորդների խախտված իրավունքների վերականգնման, հանուն արդար ու անաչառ դատական իշխանության ստեղծման։

Սա է փաստաբանի լուծը, որը, հույս ունենք, կգիտակցեն նաև որոշ դատավորներ, և փաստաբաններին կդիտեն որպես իրենց զինակիցներ, այլ ոչ թե որպես թշնամիներ։

Նորություններ

Մեր մասին․
- Тамара
Израэль

Большое спасибо за проделанную работу. Было приятно иметь дело с квалифицированным специалистом, выполняющую свою работу быстро, качественно и профессионально. В дальнейшем, при необходимости, будем рады обратиться снова к Вам.