Անվճար իրավաբանական խորհրդատվություն

Ինչո՞ւ ենք կարևորում անվճար իրավաբանական խորհրդատվությունը

Իրավաբանական/փաստաբանական գրասենյակները հիմնականում իրավաբանական խորհրդատվություն տրամադրում են վճարովի հիմունքներով, անգամ ժամավճարով։

Մեր գրասենյակն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից որդեգրել է հետևյալ սկզբունքը՝ մինչև 1 ժամ տևողությամբ բանավոր իրավաբանական խորհրդատվությունը մատուցել անվճար հիմունքներով։

Խորհրդատվության ժամանակ լսում ենք մեզ դիմած անձի խնդիրը, բացատրում ենք նրա իրավունքներն ու պարտականությունները, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրում ենք տվյալ խնդրին առնչյալ փաստաթղթերը, խորհուրդ ենք տալիս, թե ստեղծված իրավիճակում ինչպե՞ս վարվել, ի՞նչ միջոցներ ձեռնարկել, ո՞րն է լավագույն տարբերակը տվյալ իրավիճակից դուրս գալու համար։

Ինչո՞ւ ենք կարևորում անվճար իրավաբանական խորհրդատվությունը․ նախ այն պատճառով, որ որպես քաղաքացիական հասարակության անդամ, առաջնային ենք համարում մարդկանց մոտ բարձր իրավագիտակցություն ձևավորելը, ինչը շատ կարևոր է պաշտպանված լինելու համար, չէ՞ որ նախ պետք է իմանանք, թե ի՞նչ իրավունքներ ունենք, որ հետո կարողանանք հետամուտ լինել նաև դրանց ստանձմանն ու պաշտպանությանը, թույլ չտանք, որ մեր իրավունքներն ու օրինական շահերը ամեն քայլափոխի ոտնահարվեն ու խախտվեն, հատկապես պետական մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց կողմից։

Բացի այդ, եթե անձը իր իրավունքների մասին տեղեկացված է լինում ի սկզբանե, ապա նա ազատվում է հետագա մի շարք խնդիրներից ու անցանկալի իրավական հետևանքներից։

Օրինակ, ժառանգությունն ընդունելու համար օրենքով նախատեսված է վեց ամսյա ժամկետ ժառանգության բացման պահից հաշվված, որը ժառանգատուի մահվան պահն է։ Եթե ժառանգը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված վեց ամսում չի ընդունում ժառանգությունը, ապա նա կորցնում է ժառանգատուի ժառանգությունը ձեռք բերելու հնարավորությունը, և բացառիկ դեպքերում միայն այդ իրավունքը կարող է վերականգնվել, այն էլ դատական կարգով, ինչը, սակայն, կարող է լրացուցիչ ծախսեր առաջացնել անձի համար։ Այսինքն, իր իրավունքների չիմացության պատճառով անձը կարող է զրկվել ժառանգությունից, թեկուզև նա օրենքով ունեցել է այդ իրավունքը։

Իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար մեր գրասենյակ դիմած դեպքերից շատ են նաև այնպիսիները, երբ անձն իր իրավունքների խախտման մասին իմանալուց անմիջապես հետո չի ձեռնարկում համապատասխան միջոցներ դրանք պաշտպանելու համար, ավելին, այդպիսի միջոցներ չի ձեռնարկում նաև հայցային վաղեմության ժամկետի ընթացքում, որը, որպես կանոն, երեք տարի է, և զրկվում է իր պահանջի իրավունքից։

Օրինակ, Ա․-ն Ն․-ին ստացականով գումար էր պարտքով տվել, որ վերջինս այն մեկ ամսից վերադարձնի, սակայն Ն․-ն խախտում է իր ստանձնած պարտավորությունը և անընդհատ վստահեցնելով, որ կվերադարձնի, վերջիվերջո խաբում է։ Ա․-ն ճարահատյալ դիմում է դատական պաշտպանության, սակայն դատարանը Ն․-ի պահանջով կիրառում է հայցային վաղեմություն և օրենքի ուժով Ա․-ի գումարի բռնագանձման պահանջը մերժում է, քանի որ նա դատական հայցը ներկայացրել էր գումարի վերադարձման պարտավորությունը Ն․-ի կողմից խախտվելուց երեք տարին լրանալուց հետո։ Ստացվում է, որ Ա․-ն չնայած ճիշտ էր, սակայն չկարողացավ պաշտպանել իր իրավունքները, քանի որ ժամանակին չէր դիմել դրանց պաշտպանության համար։

Սրանով ևս մեկ անգամ հաստատվում է, որ քաղաքացիների մեծ մասի մոտ խնդիրների առաջացման հիմնական պատճառը նրանց իրավագիտակցության ցածր մակարդակն է, ինչն էլ հաշվի առնելով՝ «Աբստրակտ» ընկերությունն իր վրա պարտականություն է վերցրել անվճար իրավաբանական խորհրդատվության միջոցով հնարավորինս նպաստել մարդկանց իրավագիտակցության բարձրացմանը։ Իսկ եթե ունենանք բարձր իրավագիտակցություն, կունենանք նաև առողջ հասարակություն, որն ի վիճակի կլինի ժամանակին և ճիշտ ձևով պայքարել իր իրավունքների պաշտպանության համար։

Եվ վերջում ցանկանում ենք ավելացնել, որ դիմացինին օգնելու կարողությունը և ինչ-որ բան տալու հնարավորությունը շնորհ է, որը փորձում ենք իրագործել Աբստրակտ ընկերության միջոցով։