Պարտադիր զինվորական ծառայություն չանցած (չծառայած) քաղաքացու հարցը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած (չծառայած) քաղաքացու հարցը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած (չծառայած) քաղաքացին ինչպե՞ս կարող է ձեռք բերել զինվորական գրքույկը և մասնակից դառնալ բանակաշինության գործին:

Հայ իրականության մեջ, ցավոք, տարածված է այն երևույթը, որ որոշ սոցիալ-տնտեսական կամ այլ պատճառներից ելնելով՝ հայ երիտասարդները երբեմն չեն կարողանում ծառայել հայկական բանակում, ինչի հիմքով նրանց նկատմամբ հարուցվում է քրեական գործ, իսկ կամովին չներկայանալու և զինվորական ծառայության չանցնելու դեպքում տվյալ անձի նկատմամբ հայտարարվում է նաև քրեական հետապնդում։ Ստացվում է, որ նման իրավիճակում հայտնված քաղաքացին կամ պետք է ներկայանա զինվորական ծառայության կամ պետք է գտնվի հետախուզման մեջ՝ սահմանափկվելով իր տեղաշարժման և մյուս իրավունքների հարցում։

Ինչպիսի՞ լուծում է առաջարկվում ՀՀ օրենսդրությամբ նման իրավիճակի համար։

Հաշվի առնելով այն, որ նման երիտասարդների մեծ մասը հեռու են լինում հայրենիքից ու իրենց ընտանիքներից, և չեն կարողանում Հայաստան վերադառնալ անգամ զորակոչային տարիքը լրանալուց հետո, որպիսի տարիքը 18-ից մինչև 27 տարեկանն է, իսկ առաջին խմբի պահեստազորի սպաների (այդ թվում՝ սպայական կոչում ստացած բժիշկների) համար՝ մինչև 35 տարեկանը, այդ հարցի լուծման համար դեռևս 2003 թվականին ընդունվել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը (ուժի մեջ է մտել 01.03.2004 թվականից)։ Նշված օրենքով պարտադիր զինվորական ծառայություն չանցած (չծառայած) քաղաքացուն, ում զորակոչային տարիքը լրացել է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը և նա հետախուզման մեջ է գտնվում, հնարավորություն է տրվում յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի դիմաց համապատասխան չափի վճար կատարելու դեպքում հաշվառվել պահեստազորում և ստանալ զինվորական գրքույկ։

Նշենք, որ պահեստազորում հաշվառվելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, իսկ վճարման ենթակա գումարի չափը (նվազագույնը կարող է լինել 30.000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 1.800.000 ՀՀ դրամ) կախված է մի շարք հանգամանքներից, այդ թվում նրանից՝ արդյո՞ք տվյալ անձը տարկետման իրավունք ունեցել է, թե՝ ոչ, և եթե ունեցել է, ապա որքա՞ն ժամանակ։

Մեր գրասենյակը նմանատիպ մի քանի գործեր ևս վարել է, որոնցից սակայն կցանկանայինք առանձնացնել հատկապես հետևյալ դեպքը։ Մեր գրասենյակի կայքի (www.law.abstract.am) միջոցով մեզ դիմած քաղաքացու որդին՝ Մ․-ն, նույնպես նման խնդիր ուներ։ Նա բժշկական համալսարանն ավարտելուց և բժշկի որակավորում ստանալուց հետո ընդունվել էր օրդինատուրա, սակայն այն այդպես էլ չավարտելով՝ արտասահմանում ուսումը շարունակելու նպատակով մեկնել էր Հայաստանից։ Արդյունքում Մ․-ի տարկետման իրավունքը դադարել էր, բայց նա չէր կարողացել ներկայանալ զինվորական ծառայության։ Ուստի Մ․-ի նկատմամբ հարուցվել էր քրեկան գործ, իսկ հետո նաև հայտարարվել էր հետախուզում։

Երբ Մ․-ի մայրը դիմեց մեր գրասենյակ, Մ․-ի 27 տարեկանն արդեն լրացել էր։ Նա ցանկանում էր համապատասխան իրավաբանական խորհրդատվություն ստանալ հետևյալ հարցի վերաբերյալ՝ արդյո՞ք իր որդին կարող է օգտվել վերոնշյալ օրենքով ընձեռնված հնարավորությունից, եթե 27 տարեկանն արդեն լրացել է, թե՞ պետք է սպասի մինչև 35 տարեկանը լրանալը, քանի որ բժիշկ է։ Այս հարցով Մ․-ի մայրը խորհրդակցել էր նաև տվյալ ոլորտում ներգրավված մի շարք մասնագետների հետ և բոլորից ստացել նմանատիպ պատասխան, որ եթե բժիշկ է, ուրեմն պետք է լրացած լինի Մ․-ի 35 տարեկանը, որպեսզի համապատասխան վճարի դիմաց նա կարողանա հաշվառվել պահեստազորում»։

Համապատասխան օրենսդրական դաշտն ուսումնասիրելուց և մասնագիտական վերլուծություն իրականացնելուց հետո մեր փաստաբանները եկան այն պրոֆեսիոնալ մոտեցման, որ Մ․-ի մորը տրված պատասխանում նշված 35 տարեկանի ցենզը վերաբերում է միայն այն անձանց, ովքեր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում անցել են պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստություն (1-ին պայման) և ուսումն ավարտելուց հետո նրանց սահմանված կարգով շնորհվել է սպայական կոչում (2-րդ պայման)։

Այսինքն, մինչ 35 տարեկանը լրանալը զորակոչի ենթակա են այն անձինք, ովքեր միաժամանակ բավարարում են վերոնշյալ երկու պայմաններին։ Մինչդեռ նկարագրված դեպքում, ճիշտ է, Մ․-ն սովորելու ընթացքում անցել էր ռազմական պատրաստություն, սակայն նրան սահմանված կարգով սպայական կոչում չէր շնորհվել, այսինքն՝ նա սպա չէր, և բանակ պետք է զորակոչվեր որպես շարքային զորակոչիկ։

Հետևաբար, նշված հիմնավորումները հաշվի առնելով՝ Մ․-ի մորը տեղեկացրեցինք, որ նրա որդին պահեստազորի սպա չի համարվում, ուստի անկախ Մ․-ի բժիշկ լինելու հանգամանքից՝ նա ենթակա էր պարտադիր զինվորական ծառայության մինչև 27, այլ ոչ թե 35 տարեկանը լրանալը, ինչն էլ նշանակում է, որ վերոհիշյալ օրենքի ուժով համապատասխան վճարի դիմաց Մ․-ն արդեն իսկ կարող է հաշվառվել պահեստազորում և ստանալ զինվորական գրքույկ, քանի որ նրա 27 տարեկանը լրացել է։

Հաշվի առնելով այն, որ նշված օրենքը պարտադիր զինվորական ծառայություն չանցած (չծառայած) քաղաքացուն հնարավորություն է տալիս վերոնկարագրյալ գործընթացքում հանդես գալ նաև լիազորված անձի միջոցով՝ Մ․-ի մոր համաձայնությամբ և Մ․-ի անունից սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա ստանձնեցինք նրա որդու իրավունքների պաշտպանությունը, որը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաբանական հարցումներ կատարեցինք մի շարք պետական մարմիններ։ Դրանց պատասխաններն ստանալուց հետո կազմեցինք համապատասխան դիմում՝ այն ներկայացնելով Մ․-ի հաշվառման վայրի զինկոմիսարիատ։ Այնուհետև հետևեցինք, որ վերոնշյալ օրենքում ամրագրված ժամկետներում, որպիսի ժամկետը չի կարող գերազանցել երկու ամիսը, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կայացվի և հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատվի Մ․-ին պահեստազորում հաշվառելու մասին որոշումը։ Նշված որոշումը ստանալուց հետո Մ․-ի անունից համապատասխան չափի վճարում կատարեցինք պետական բյուջե, որից հետո մեկ ամսվա ընթացքում ստացանք Մ․-ի նկատմամբ քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, իսկ հետո ստացանք նաև Մ․-ի զինվորական գրքույկը։

Այսպիսով, առանց Մ․-ի կամ նրա հարազատներից որևէ մեկի Հայաստանում գտնվելու կամ Հայաստան վերադառնալու, լիազորագրի միջոցով ձեռք բերեցինք Մ․-ի զինվորական գրքույկը։

Փաստորեն, վերոնկարագրյալ օրենսդրական լուծումը երկշահավետ է և՛ պետության, և՛ քաղաքացու համար, քանի որ չծառայած քաղաքացիներն էլ այս ձևով կարող են իրենց լուման ներդնել բանակաշինության գործում, և, ամենակարևորը, վերադառնալ հայրենիք։

Նորություններ

Մեր մասին․
- Тамара
Израэль

Большое спасибо за проделанную работу. Было приятно иметь дело с квалифицированным специалистом, выполняющую свою работу быстро, качественно и профессионально. В дальнейшем, при необходимости, будем рады обратиться снова к Вам.