Տառասխալի պատճառով ոտնահարված իրավունքներ

Տառասխալի պատճառով ոտնահարված իրավունքներ

Մեր պետությունում համատարած բնույթ է կրում այն իրավիճակը, երբ մարդը չի կարողանում իրացնել իր այս կամ այն իրավունքը զուտ այն պատճառով, որ նրա անունը, ազգանունը կամ հայրանունը պետական մարմինների կողմից թույլ տրված որոշակի տեխնիկական սխալների պատճառով տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է գրվում և տարբերվում է անձնագրում նշված անվանումից, իսկ երբեմն անձնագրում էլ է սխալ նշվում անձի անվանումը։ Արդյունքում մարդը չի կարողանում ստանալ կենսաթոշակ, ընդունել ժառանգություն, իրեն պատկանող գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք և այլն, այսինքն՝ չի կարողանում օգտվել իր իրավունքներից։

Մեր գրասենյակ դիմած քաղաքացին ևս նման խնդրի առջև էր կանգնած, քանի որ ուներ իր անվամբ տրված գույքային թերթ, տեխնիկական անձնագիր և հատակագիծ, սակայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն՝ Կադաստրը մերժել էր նրան պատկանող անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցում իրականացնել և տրամադրել սեփականության վկայական՝ պատճառաբանելով, որ դիմողի՝ ազգանունը տարբերվում է վերոնշյալ փաստաթղթերում նշված ազգանուններից և իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հստակ չէ։

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ եթե այս խնդիրը հնարավոր չէ լուծել արտադատական կարգով, այսինքն՝ դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու իրավունքը սահմանող փաստաթղթերի պատկանելության փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր և հիմնավորում է այդ հանգամանքը, ապա նման հարցը ենթակա է լուծման դատական կարգով։

Մենք փորձեցինք լուծել այս խնդիրը, նախապես հարցումներ կատարեցինք համապատասխան պետական մարմիններ, այնուհետև հատուկ վարույթի կարգով դիմում ներկայացրեցինք դիմողի գտնվելու վայրի դատարան՝ իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության փաստը հաստատելու պահանջով։

Դատարանում դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ էր ձեռք բերել մի շարք ապացույցներ՝ պահանջը հիմնավորելու նպատակով, մասնավորապես՝ համապատասխան վկաների հրավիրել դատարան՝ ցուցմունք տալու համար, ինչպես նաև տվյալ համատիրության ղեկավարի կողմից համապատասխան բովանդակությամբ տեղեկանք վերցնել, ներկայացնել այլ իրավահաստատող փաստաթղթեր, որոնք կարող են դատարանի մոտ վստահություն ներշնչել, որ ներկայացված իրավունք սահմանող բոլոր փաստաթղթերը պատկանում են միևնույն մարդուն, թեկուզև վերջինիս ազգանունը տարբեր կերպ է նշված այդ փաստաթղթերում։

Դատարանը, լսելով դիմողի և վկաների ցուցմունքները, գնահատելով գործով ներկայացված մյուս ապացույցները, հաստատված համարեց վերոնշյալ փաստը և դիմումը բավարարելու մասին վճիռ կայացրեց, որն էլ օրինական ուժի մեջ մտնելուց հետո հիմք հանդիսացավ Կադաստրի համար, որպեսզի գրանցի մեր վստահորդի սեփականության իրավունքը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ։

Համոզված ենք, որ մարդիկ նման խնդրի առջև չեն կանգնի, եթե ավելի հետևողական լինեն իրենց տրված փաստաթղթերի բովանդակության հանդեպ, ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենան դրանց, իսկ համապատասխան պետական մարմինները, կազմակերպություններն ու դրանց աշխատակիցներն ավելի ուշադիր կատարեն իրենց պարտականությունները։

Նորություններ

Մեր մասին․
- Тамара
Израэль

Большое спасибо за проделанную работу. Было приятно иметь дело с квалифицированным специалистом, выполняющую свою работу быстро, качественно и профессионально. В дальнейшем, при необходимости, будем рады обратиться снова к Вам.