Անհայտ բացակայողի հետքերով


Անհայտ բացակայողի հետքերով

[message type="custom"]Ի՞նչ անել, երբ նրա՝ անհայտ ուղղությամբ բացակայությունը խոչընդոտում է քո իրավունքներին։[/message]

Քաղաքացիաիրավական, ժառանգման, ընտանեկան և մի շարք այլ իրավահարաբերություններում, որպես կանոն, պարտադիր և անհրաժեշտ է անձի կամքի դրսևորումն իր իրավունքների ու պարտականությունների ծագման, փոփոխման կամ դադարման հարցում։ Այդպիսի անհրաժեշտություն կարող է առաջանալ հետևյալ դեպքերում, օրինակ՝

  • ամուսնալուծության ժամանակ,
  • սեփականության իրավունքի դադարման ժամանակ,
  • երեխայի խնամքի և դաստիարակության հարցի լուծման ժամանակ,
  • որդեգրման ժամանակ,
  • անվանափոխության ժամանակ,
  • երեխային երկրից դուրս տանելու ժամանակ
  • լիազորագրի գործողության դադարման ժամանակ,
  • պայմանագրի դադարման ժամանակ,
  • համապատասխան խմբին պատկանող անձի լիազորությունների վաղաժամկետ դադարման ժամանակ,
  • դատավորի պաշտոնավարումը դադարելու ժամանակ,
  • զինծառայողների ընտանիքի անդամների սոցիալական ապահովության իրավունքի ծագման ժամանակ,
  • և մի շարք այլ հարցերի լուծման ժամանակ։

Սակայն, իրականության մեջ, ելնելով նաև մեր երկրի սոցիալտնտեսական վիճակից, հաճախ ենք հանդիպում, որ անձն այս կամ այն պատճառով շուրջ մեկ տարի կամ դրանից ավել բացակայում է ոչ միայն իր բնակության վայրից, այլև Հայաստանից, և չի կարողանում դրսևորել իր կամքն որոշակի հարցերի լուծման ժամանակ։

Ինչպե՞ս վարվել նման իրավիճակներում՝ ամուսիններից մեկի բացակայության դեպքում ինչպե՞ս ամուսնալուծվել, ծնողներից մեկի բացակայության դեպքում ինչպե՞ս որդեգրել կամ ինչպե՞ս երեխային դուրս տանել երկրից։ Այս հարցերի շրջանակը կարելի է ընդլայնել, բայց դրանց պատասխանը մեկն է․ անհրաժեշտ է բացակայող անձին դատական կարգով ճանաչել անհայտ բացակայող՝ նշելով դատարան դիմող քաղաքացու համար ակնկալվող իրավական հետևանքները (1-ին պահանջ) և տվյալ անձի՝ մեկ տարվա ընթացքում անհայտ բացակայությունը հավաստող հանգամանքները (2-րդ պահանջ)։

Մեր գրասենյակ դիմած Ա․-ն նույնպես նման խնդրի առջև էր կանգնել։ Որոշակի հարգելի պատճառներով նա ցանկանում էր փոփոխել երեխայի ազգանունը՝ վերջինիս տալով իր ազգանունը, սակայն երեխայի հոր գտնվելու մասին մոտ 5 տարի որևէ տեղեկություն չուներ, իսկ առանց հոր կարծիքի Ա․-ն չէր կարող փոփոխել երեխայի ազգանունը, քանի որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե ծնողները ապրում են առանձին, և ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, այդ հարցը լուծվում է` հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը:

Ելնելով երեխայի շահերից՝ օրենսդրությամբ նախատեսվում է նաև բացառություն նման կանոնից՝ նույն օրենսգրքով ամրագրելով, որ մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը, իսկ այդ փաստի հաստատման համար անհրաժեշտ է դատական կարգով տվյալ ծնողին ճանաչել անհայտ բացակայող։

Մենք, ուսումնասիրելով տվյալ հարցի առնչյալ առկա օրենսդրական կարգավորումները, այդ թվում՝ մի շարք միջազգային պայմանագրեր (քանի որ երեխայի հայրը հանդիսանում էր այլ պետության քաղաքացի), ինչպես նաև ստեղծված իրավիճակը, առկա փաստաթղթերը, կատարելով համապատասխան հարցումներ և օրենքով սահմանված կարգով ձեռք բերելով որոշակի ապացույցներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ ապացուցել մյուս ծնողի՝ մեկ տարվա ընթացքում վերջին հայտնի բնակության վայրից բացակայելու հանգամանքը, կազմեցինք համապատասխան դիմում և այն ներկայացրեցինք մյուս ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում ունեցած վերջին հայտնի բնակության վայրի դատարան։

Ուշագրավ է, որ օրենսդիրը հնարավորություն է տալիս նման դիմումները ներկայացնել նաև դիմողի բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան՝ հաշվի առնելով դիմողի օրինական շահերն առ այն, որ դատարանը մոտ գտնվի նրա փաստացի բնակության վայրին։

Դիմումը վարույթ ընդունելուց հետո դատարանը որոշեց դիմողի հաշվին համապատասխան բովանդակությամբ հաղորդագրություն հրապարակել մամուլում, ինչպես նաև կատարել պետական մարմիններին ուղղված մի շարք հարցումներ՝ ճշտելու, թե մյուս ծնողը՝

  • — արդյո՞ք հաշվառված է կամ երբևէ հաշվառված եղել է Հայաստանի Հանրապետությունում, թե՞ ոչ,
  • — արդյո՞ք նա որևէ կացության կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետությունում, թե՞ ոչ,
  • — արդյո՞ք նա գտնվում է հետախուզման մեջ, թե՞ ոչ։

Հաշվի առնելով այն, որ վերոնշյալ հարցերի պատասխանները բացասական էին, ինչպես նաև ուսումնասիրելով դիմողի անունից մեր կազմած դիմումը, գնահատելով դրա հիմնավոր լինելը և մյուս ծնողի՝ մեկ տարուց ավել անհայտ բացակայությունը հավաստող հանգամանքները, վճռեց դիմումը բավարարել և տվյալ անձին ճանաչել անհայտ բացակայող։

Նման վճիռը մեկ ամիս հետո օրինական ուժի մեջ մտնելով՝ կարող է հիմք հանդիսանալ, որ դատարան դիմած ծնողը, առանց մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելու, դիմի համապատասխան ՔԿԱԳ տարածքային բաժնին, երեխայի ազգանունը փոփոխելու համար։

Այսպիսով, անձին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու համար խիստ կարևոր է հիմնավորել, որ՝

  • դատարան դիմողը շահագրգիռ անձ է,
  • անհայտ բացակայող ճանաչելու դեպքում դիմողն ակնկալում է որոշակի իրավական հետևանքներ,
  • մեկ տարվա ընթացքում բացակայող անձի բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: