Չօգտագործված արձակուրդներ — չվճարված գումարներ
[message type=”custom”]Երբ գործատուն խուսափում է վճարել չօգտագործված ամենամյա արձակուրդի գումարը։[/message]
Մեր կյանքի շատ ոլորտներում տարածված է այն իրողությունը, որ գործատուներն առանց պայմանագրի, առանց հանգստի և առանց արձակուրդի, օրենքի կոպիտ խախտումներով աշխատեցնում են մարդկանց, իսկ վերջիններս, ցավոք, լիարժեք իրազեկված չեն իրենց իրավունքների մասին, բացի այդ, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում որևէ աշխատանք գտնելով՝ նրանք փորձում են ամեն գնով այն չկորցնել, թեկուզև դա լինի իրենց հանգստի ու արձակուրդի հաշվին, իրենց իրավունքների ոտնահարմամբ։
Ստորև ցանկանում ենք վերոթվարկյալ խախտումներից անդրադառնալ դրանցից ամենատարածվածին, այսինքն՝ երբ գործատուները խուսափում են չօգտագործված ամենամյա արձակուրդի համար վճարել։
Վերջերս մեր գրասենյակ էր դիմել մի քաղաքացի՝ Ն․-ն, ով մոտ տաս տարի աշխատել էր խոշոր շինարարական կազմակերպությունում, սակայն այդ ընթացքում գործատուն նրան միայն երկու անգամ էր արձակուրդ տվել, իսկ մնացած տարիներին (շուրջ 8 տարի) նա օր ու գիշեր, առանց հանգստի աշխատել էր շինհրապարակում, մեծ պատասխանատվությամբ կատարել էր իր աշխատանքը, բայց հնարավորություն չէր ունեցել օգտվելու ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված իր ամենամյա արձակուրդից, որը խիստ անհրաժեշտ է աշխատողի հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար։
Որոշ պատճառներով Ն․-ի հետ լուծվել էր աշխատանքային պայմանագիրը և կատարվել էր վերջնահաշվարկ, սակայն, գործատուն, օգտվելով աշխատողի՝ օրենքի չիմացությունից, նրան դիտավորյալ վճարել էր միայն վերջին ամսվա չվճարված աշխատավարձը, իսկ աշխատողն ընդունել էր այն և համակերպվել այդ երևույթի հետ, քանի որ տեղեկացված չէր եղել, որ իրականում վերջնահաշվարկով նրան պետք է վճարվեր նաև այն ութ տարիների արձակուրդի գումարը, որից ինքը ժամանակին չէր կարողացել օգտվել։
Ն․-ն երբ դիմեց մեր գրասենյակ, արդեն մի քանի ամիս անցել էր նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց, սակայն, ամեն ինչ դեռ այդքան ուշ չէր։
Մենք նրան պատշաճ խորհրդատվություն տվեցինք իր խախտված իրավունքների վերաբերյալ և դրանք վերականգնելու համար առաջարկեցինք համապատասխան լուծումներ, մասնավորապես՝ արտադատական կարգով դիմել գործատուին՝ աշխատողին հասանելիք արձակուրդային գումարը վճարելու պահանջով՝ հիմք ընդունելով համապատասխան իրավական նորմերի պահանջները, իսկ այդ դիմումի կրկնօրինակն ուղարկել ՀՀ աշխատանքի պետական տեսչություն, որի խնդիրներից է նաև աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների պահպանման և պաշտպանության ապահովումը։
Եթե գործատուն ուղղակիորեն հրաժարվեր վճարել վերոնշյալ գումարը իր նախկին աշխատողին, ապա Ն․-ն ստիպված պետք է դիմեր համապատասխան դատարան՝ իր խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու և վերականգնելու՝ ներկայացնելով այդ գումարը բռնագանձելու պահանջ։
Բարեբախտաբար այս դեպքում գործատուն ավելի խելամիտ գտնվեց և վերջինիս հետ որոշակի բանակցություններից հետո հասկացավ և ընդունեց իր սխալը, ավելին, խոստացավ չօգտագործված արձակուրդի համար կուտակված գումարը ողջամիտ ժամկետներում կամովին վճարել իր նախկին աշխատողին՝ Ն․-ին։
Միգուցե գործատուն այդ քայլին գնաց ոչ թե օրենքի պահանջը կատարելու կամ իր խղճի առջև հանգիստ լինելու պատճառով, այլ խուսափելու իր ընկերությունում համապատասխան պետական մարմինների կողմից հետագա ստուգումներ կատարելուց, այնուամենայնիվ, սույն իրավիճակում կարևորն այն է, որ Ն․-ն ճիշտ իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ստանալով՝ կարողացավ վերականգնել արդարությունը, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո ձեռք բերել որոշակի ֆինանսական միջոցներ, որն ի դեպ չնչին գումար չէր, իր և իր ընտանիքի ապրուստը հոգալու համար։
Հուսով եմ, որ այս հոդվածը կօգնի նաև ընթերցողներից շատերին աշխատանքային իրավահարաբերություններում լինել իրազեկված և պաշտպանված։