Գույքի բաժանում
Երբ ցանկանում եք ընդհանուր գույքից առանձնացնել Ձեր բաժինը։[message type=
"custom"
]
[/message]
Պրակտիկայում բավականին շատ են այնպիսի գործերը, երբ անձինք, որոնք մեծամասամբ հարազատ կամ բարեկամ են, կամ՝ նախկին ամուսիններ, որոշակի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով այլևս չեն ցանկանում միասին տիրապետել և օգտագործել ընդհանուր (բաժնային կամ համատեղ) սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տունը, բնակարանը կամ այլ անշարժ գույք։ Յուրաքանչյուրը ցանկանում է ունենալ իր առանձին սեփականության վկայականը և ինքնուրույն տնօրինել անշարժ գույքի՝ իր կողմից օգտագործվող մասի ճակատագիրը՝ վաճառել, նվիրել, վարձակալության տալ և այլն։
Եթե ընդհանուր սեփականատերերի բաժիններն առանձնացված չեն, ապա ընդհանուր գույքի նկատմամբ ցանկացած գործարք (բացառությամբ՝ կտակի) կատարելու համար անհրաժեշտ և պարտադիր է բոլոր սեփականատերերի համաձայնությունը։
Նշվածը հաշվի առնելով՝ ՀՀ օրենսդրությամբ սեփականատերերից յուրաքանչյուրին իրավունք է վերապահված առանձնացնել իր բաժինն ընդհանուր գույքից, եթե այն բնեղենով հնարավոր է առանձնացնել, այսինքն՝ առանձնացնելուց հետո բաժինը հետագայում նույնպես հնարավոր կլինի օգտագործել որպես անշարժ գույքի առանձին միավոր, իսկ եթե հնարավոր չէ բնեղենով առանձնացնել, ապա իր բաժնեմասն առանձնացնել ցանկացող սեփականատիրոջ ցանկությամբ անշարժ գույքը կարող է դատարանի վճռի հիման վրա վաճառվել աճուրդի միջոցով, իսկ դրանից ստացված գումարը բաժանվել ընդհանուր սեփականատերերի բաժիններին համամասնորեն, այսինքն՝ եթե բաժնի չափը կազմում է ընդհանուր գույքի 1/3-րդ մասը, ապա տվյալ բաժնի սեփականատիրոջը կհասնի գույքի վաճառքից ստացված գումարի 1/3-ը։
Մեր գրասենյակ դիմած քաղաքացի Գ․-ն նույնպես ուներ նման խնդիր։ Նա չէր կարողացել արտադատական կարգով հասնել խնդրի լուծմանը և մյուս սեփականատերերի հետ համաձայնության գալ ընդհանուր գույքը բաժանելու և իր բաժնեմասն առանձնացնելու հարցում, որպիսի կարողանա ինքնուրույն որոշել, թե ինչպես օգտագործի, տիրապետի ու տնօրինի բնակելի տան իր մասը։ Չնայած ընդհանուր սեփականատերերը հանդիսանում էին մերձավոր ազգականներ, բայց նրանց հարաբերությունները բավականին լարված էին։
Գ․-ի խնդրին ծանոթանալուց հետո նախ նրան պարզաբանեցինք իր իրավունքները և դրանց իրացման դեպքում ծագելիք իրավական հետևանքները, ընդհուպ այն, որ եթե համապատասխան փորձագիտական եզրակացությամբ պարզվի, որ բնակելի տնից Գ․-ի բաժնեմասը հնարավոր չէ բնեղենով առանձնացնել, ապա վերջինս կարող է ստանալ միայն աճուրդի միջոցով վաճառված բնակելի տան արժեքից որոշակի գումար՝ իր բաժնեմասին համամասնորեն։
Գ․-ի անունից հայց ներկայացրեցինք դատարան՝ նրա բաժինն ընդհանուր գույքից առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին։ Սույն դատական գործի նախապատրաստական փուլում համապատասխան հաշտության առաջարկ ներկայացրեցինք մյուս կողմին, որպիսի տարբերակը վերջինիս ու հայցվորի բաժինների առանձնացման տարբերակներից ոսկե միջինն էր։ Որոշակի բանակցությունների արդյունքում եկանք ընդհանուր հայտարարի ու երկկողմանի համաձայնեցված տարբերակը դատարանին ներկայացնելու համար արտադատական կարգով դիմեցինք համապատասխան որակավորում ունեցող մասնագետի, ով իրավունք ունի տալու ընդհանուր գույքի բաժանման հատակագիծ։
Նշված հատակագծի հիման վրա կազմեցինք հաշտության համաձայնության գրավոր տեքստն ու այն ներկայացրեցինք դատարանի հաստատմանը։ Դատարանը վճռով հաստատեց նշված հաշտության համաձայնությունը, քանի որ այն օրինական էր և չէր խախտում որևէ մեկի իրավունքները։
Այսպիսով, յուրաքանչյուր խնդիր ունի լուծում, այնպիսի լուծում, որը կգոհացնի երկու կողմերին էլ, և դրան հասնելու համար անհրաժեշտ է խնդրի ամբողջական պատկերացում՝ իր բոլոր նրբություններով հանդերձ, և ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ մոտեցում, որի շնորհիվ էլ սույն հոդվածում ներկայացված իրավիճակում կարողացանք հասնել երկկողմանի գոհացուցիչ արդյունքի։