Դոմենի իրական և ոչ իրական օգտատերերը
Արդյո՞ք կարելի է օգտագործել այլ անձի անվամբ գրանցված ապրանքային նշանին նման դոմեն անվանումը։[message type=
"custom"
]
[/message]
Չնայած նախորդ վարչապետի պաշտոնավարման ժամանակ բազմիցս քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացման հեռանկարները՝ դրան տալով մեծ կարևորություն, սակայն պատկան մարմիններին կարծես թե չի հուզում, որ գրեթե ամբողջությամբ բաց է ՏՏ ոլորտի, այդ թվում՝ դոմեն անվանումների հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումը։ Մինչդեռ զարգացման նման մակարդակի հասնելու համար առաջին հերթին պետք է ունենանք համապատասխան օրենսդրական լուծումներ, այլ ոչ թե ստեղծենք առևտրի ազատ տնտեսական գոտիներ կամ գրասենյակ բացենք Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ)։ Նման բացը լրացնելը կարևոր է նախ այն պատճառով, որ միջազգային վճարային համակարգերը, ինչպիսին է օրինակ «Paypal» համակարգը, ամբողջ հնարավորություններով հնարավոր կլինի կիրառել Հայաստանում՝ հայկական կազմակերպությունների համար բացելով նոր հորիզոններ դեպի միջազգային շուկա, երկրորդ՝ միջազգային կազմակերպությունների համար հնարավորություն կստեղծվի լիարժեքորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, որոնք ներկայումս խուսափում են ոլորտը կարգավորված չլինելու պատճառով։
Ուշագրավ է, որ նման օրենսդրական բացն իր հերթին կարող է հանգեցնել նաև մտավոր սեփականության իրավունքի թվացյալ կամ իրական խախտմանը և անձանց շահերի բախմանը։
Նման շահերի բախման կիզակետում էր հայտնվել նաև մեր գրասենյակ դիմած Ս․-ն։ Նա իր անվամբ ամրագրել էր «softline.am» դոմեն անվանումը (այսուհետ նաև՝ Դոմեն), որը սակայն որևէ եղանակով, այդ թվում նաև համացանցում չէր օգտագործել։ Իր անվամբ ամրագրումից անմիջապես հետո «Սոֆթլայն ինթերնեյշնլ» ռուսական ընկերությունը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում թվով 25 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, Հայաստանում գործող «Էմ-Վի-Էմ Քոնսալթինգ Քամփնի» ՓԲԸ-ի միջոցով նամակ-պահանջագիր էր ներկայացրել Ս․-ին և Դոմենը գրանցող կազմակերպությանը՝ հիշյալ դոմենի գրանցումը չեղյալ ճանաչելու պահանջով այն պատճառաբանությամբ, որ «SOFTLINE» ապրանքային նշանը գրանցված է իր անվամբ, և խախտվել են ու շարունակում են խախտվել իր իրավունքները։ Նման բովանդակությամբ նամակ-պահանջագիր ներկայացնելով՝ միջազգային խոշոր ընկերություն հանդիսացող «Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերությունը վստահ էր, որ իր պահանջը պետք է բավարարվի, մինչդեռ հաշվի չէր առել կամ նրան ճիշտ իրավաբանական խորհրդատվություն չէր մատուցվել, որ միայն մի քանի դասերով գրանցված «SOFTLINE» ապրանքային նշանը Հայաստանի տարածքում օգտագործելու «Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերության բացառիկ իրավունքը, այդ թվում՝ արգելել երրորդ անձանց, առանց իր թույլտվության, օգտագործելու իր ապրանքային նշանին նման կամ նույնական ցանկացած նիշ, գործում է միայն ՀՀ օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պահանջների միաժամանակյա առկայության դեպքում։ Այդ պահանջներն են․ տվյալ նիշը պետք է լինի նման կամ նույնական գրանցված ապրանքային նշանին և այն՝
— պարտադիր պետք է օգտագործվի առևտրային գործունեության ընթացքում,
— պարտադիր պետք է օգտագործվի համացանցում softline.am դոմեն անվանման միջոցով,
— համապատասխանի «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված պահանջներից գոնե մեկին։
Նշված նամակ-պահանջագրին անմիջապես հաջորդում է Ս․-ի և Դոմենը գրանցող կազմակերպության դեմ ուղղված դատական գործընթացը, որը հարուցվել էր «Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերության հայցի հիման վրա։ Վերջինիս շահերը Դատարանում կրկին ներկայացնում էր «Էմ-Վի-Էմ Քոնսալթինգ Քամփնի» ՓԲԸ-ն, սակայն դրանով հանդերձ ներկայացված հայցը անհիմն էր, քանի որ զուրկ էր փաստական ու իրավական հիմնավորումներից։
«Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերության հայցի վերաբերյալ Ս․-ի անունից համապատասխան հակափաստարկներ ներկայացրեցինք, ինչպես նաև դատական ողջ գործընթացի ընթացքում՝ դատական երեք ատյաններում, պատշաճ ձևով ներկայացրեցինք Ս․-ի իրավունքները, և երեք ատյաններում էլ «Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերության պահանջները, այդ թվում՝ հայցը, մերժվեց։ Ավելին, Դատարանը վճռեց «Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերությունից բռնագանձել Ս․-ի կատարած փաստաբանական ծախսի շատ քիչ մասը։ Ցավոք ՀՀ օրենսդրության համաձայն՝ դատարանների կողմից բավարարվում է միայն փաստաբանի «խելամիտ» վարձատրությունը՝ հաշվի չառնելով, որ անձը ռեալ կատարել է որոշակի ծախս և չբավարարված մասով վնաս է կրում։
Նշված դատական գործընթացում «Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերության հայցի մերժումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, նախ՝ մյուս կողմի պրոֆեսիոնալ փաստաբանական աշխատանքով, քանի որ ցանկացած մրցակցային դատավարությունում կարևոր է, թե պատասխանող կողմը, ի դեմս իր փաստաբան-ներկայացուցչի, ի՞նչ հիմնավորումներով է առարկում հայցի դեմ, ի՞նչ հակափաստարկներ ու ապացույցներ է ներկայացնում դատարանին՝ առաջնային համարելով հաճախորդի իրավունքներն ու օրինական շահերը։
Երկրորդ՝ հիշյալ դատական գործի ելքի վրա որոշակի ազդեցություն ունեցավ նաև դոմեն անվանումների գրանցման, իրավական պահպանության տրամադրման, դադարեցման և անվավեր ճանաչման հարցերի օրենսդրորեն չկարգավորված լինելը։
Երրորդ՝ կարծում ենք, որ վերոնկարագրյալ իրավիճակում ոչ միայն օրենսդրական բացն էր խնդիրը, այլև պետք է հաշվի առնել, որ անձի իրավունքներն ու օրինական շահերը դատական, ինչու չէ՞ նաև արտադատական կարգով պաշտպանելու գործընթացում անչափ կարևոր է, որ իրավաբանական խորհրդատվություն մատուցող կազմակերպությունը, ի դեմս իր փաստաբանների և իրավաբանների՝
- իր հաճախորդին/վստահորդին լիարժեք ներկայացնի օրենսդրական կարգավորումները, տվյալ անձի համար ստեղծված իրավիճակում դրանց իրավական հետևանքները, ցանկալի արդյունքի հասնելու հավանականության աստիճանը, դատական վեճը լավագույնս լուծելու օպտիմալ տարբերակները, որոնցից առաջինը երկկողմանի համաձայնության գալն է,
- չպետք է թերագնահատի մյուս կողմի հնարավորությունները, հակառակը՝ մանրամասն պետք է ուսումնասիրի վերջինիս օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմերը,
- պետք է դատական ատյաններում պատշաճ ձևով ներկայացնի իր վստահորդի շահերը, բարեխղճորեն օգտվի նրա դատավարական իրավունքներից, այդ թվում՝ մասնակցի դատական նիստերին,
- արագ կողմնորոշվի ստեղծված իրավիճակում,
- պատասխանատու լինի իր հաճախորդի առջև՝ լիարժեք բացատրելով իր աշխատակիցների կատարած գործողությունները։
Ուշագրավ է, որ շուկայում գործող խոշոր խորհրդատվական ընկերությունները, այս կամ այն կազմակերպությանը մատուցելով ընթացիկ իրավաբանական ծառայություններ և դրա դիմաց յուրաքանչյուր ամիս ստանալով որոշակի հոնորար, իսկ կոնկրետ դատական գործերից չունենալով որևէ շահ, հաճախ պարզապես փորձում են ցույց տալ աշխատանք՝ իբրև գործում են ի պաշտպանություն հաճախորդի շահերի։ Մինչդեռ պետք է ռեալ գնահատել հաճախորդի հնարավորությունները դրական արդյունքի հասնելու հարցում և փորձել գալ հաշտության նման հնարավորություն ստեղծվելու դեպքում։ Պետք է նաև ցուցաբերել ճիշտ մասնագիտական մոտեցում և հայց ներկայացնել միայն ռեալ հիմքերի առկայության դեպքում, պատճաշ ձևով իրականացնել դատական ներկայացուցչություն ու պաշտպանություն, այդ թվում՝ մասնակցել դատական նիստերին։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից հայցը մերժվելուց հետո «Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերության համար վեճը հաշտությամբ լուծելու հնարավորություն ստեղծվեց, որի տարբերակը մեր գրասենյակի միջոցով Ս․-ի անունից ներկայացվեց «Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերությանը սպասարկող «Էմ-Վի-Էմ Քոնսալթինգ Քամփնի» ընկերությանը, մինչդեռ «Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերությունը ռեալ չգնահատելով իրավիճակը և փոխարենը հաշտության գալու կամ առաջարկելու հաշտության իր տարբերակները, ներկայացրեց վերաքննիչ ու վճռաբեկ բողոքներ, և այսօր ունի այն, ինչ ունի՝ մերժված պահանջներ։
Պետք է նկատել, որ նման խորհրդատվական ընկերությունները հաճախ այլ խնդրի առջև էլ են կանգնում․ դատական գործը մակագրում են մի քանի աշխատակիցների, որի արդյունքում նրանցից ոչ մեկն էլ պատասխանատվություն չի զգում հաճախորդի առջև։ Սա երբեմն կարող է հանգեցնել դատական գործընթացում վերջինիս իրավունքների ոչ պատշաճ ձևով ներկայացնելուն, ինչի արդյունքում էլ կարող է տուժել հաճախորդի շահը։
Այսպիսով, վերոնկարագրյալ դատական գործի արդյունքում, ամբողջությամբ մերժվելով «Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերության հայցն ու վերաքննիչ բողոքը, և վերադարձվելով վճռաբեկ բողոքը, հաստատվեց, որ Ս․-ն ստեղծված իրավիճակում լիովին իրավունք ուներ և ունի իր անվամբ ամրագրելու և պահպանելու «softline.am» դոմեն անվանումը, ինչը որևէ կերպ չի խախտում միայն որոշակի դասերով «SOFTLINE» ապրանքային նշանի նկատմամբ իր իրավունքները գրանցած «Սոֆթլայն ինթերնեյշնլ» ընկերության իրավունքները։