Ընտանիքի օրվա կապակցությամբ


Ընտանիքի օրվա կապակցությամբ

 [message type=”custom” width=”100%” start_color=”#FFFCB5″ end_color=”#F4CBCB” border=”#BBBBBB” color=”#333333″]«Աբստրակտ» ընկերությունը շնորհավորում է բոլորին Ընտանիքի օրվա կապակցությամբ, մաղթում ամուր և կայուն ընտանիք, երջանկություն, ջերմ ու անկեղծ ընտանեկան հարաբերություններ։[/message]

1993 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 15-ը սահմանել է Ընտանիքի միջազգային օր, իսկ Հայաստանում այդ օրը Ընտանիքի օր է ամրագրվել 2011 թվականից՝ ՀՀ ազգային ժողովի կողմից համապատասխան լրացում կատարելով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։

Բոլորս էլ ունենք մեր ընտանիքը, անգամ ֆրանսիացի հայտնի գրող Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» վիպակում սինյոր Վիտալիսն ուներ իր յուրովի ընտանիքը։ Մարդու կյանքը սկսվում է ընտանիքից, այստեղ է նա ձևավորվում որպես քաղաքացի: Ընտանիքը սիրո, հարգանքի և համերաշխության աղբյուր է, առանց ինչի չի կարող գոյատևել մարդը:

Հայ հասարակությունում ընտանիքը միշտ կարևորվել է և ընկալվել որպես ամուր պետության հիմք, որն իր ամրագրումն է ստացել նաև երկրի հիմնական օրենքում՝ ՀՀ սահմանադրության 25-րդ և 48-րդ հոդվածներում։ Նշված դրույթների համաձայն՝ ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, որը գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո:

Ուշագրավ է, որ ՀՀ սահմանադրության 25-րդ հոդվածից բացի, որը ավելի շատ հռչակագրային դրույթ է, որևէ այլ օրենսդրական սահմանում չկա, թե ի՞նչ ասել է ընտանիք։ Մինչդեռ կարևոր է, որ օրենսդիր մարմինը Ընտանիքի օրը՝ որպես տոն հռչակելուց առաջ հստակեցներ «ընտանիք» հասկացությունը։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի ուսումնասիրության արդյունքում կարող ենք արձանագրել միայն հետևյալը, որ ընտանիքի անդամներն են ամուսինները, ծնողները և զավակները (որդեգրվածները և որդեգրողները), բայց դա չի կարող ամբողջությամբ բացահայտել «ընտանիք» հասկացության բովանդակությունը, հենց միայն այն պատճառով, որ առանձին վայրերում ապրող և առանձին տնտեսություն վարող ծնողները, ամուսիններն ու զավակները չեն կարող մեկ ընտանիք դիտվել։

Մեր կարծիքով ընտանիքն այն անձանց միությունն է, ովքեր որ միմյանց հետ կապված են ազգակցական (արյունակցական), ամուսնական կամ օրենքով նախատեսված այլ կապերով և մշտապես կամ առավելապես ապրում են համատեղ՝ վարելով ընդհանուր տնտեսություն։

Նշենք, որ 2014 թ․ առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում աճել են ամուսնությունների թիվը, գրանցվել է 4744 ամուսնություն: Յուրաքանչյու հազար բնակչից կազմվում է վեցից ավելի ամուսնական զույգ: Սակայն աճել է նաև ամուսնալուծությունների թիվը. դրանք դարձել են 1210:

Դատական, ինպես նաև «Աբստրակտ» ընկերության պրակտիկայից ելնելով՝ կարող ենք արձանագրել, որ ամուսնալուծությունների մեծամասնությունն իրականացվում է դատական կարգով, ընդ որում, ամուսնալուծվում են ոչ միայն նորաստեղծ ընտանիքները, այլև՝ արդեն իսկ կայացած և երեխաներ ունեցող ընտանիքները։ Նմանատիպ գործերով մեր գրասենյակը նախ և առաջ փորձում է հաշտարարի դերում լինել, քանի որ նույնպես արժևորում ենք ամուր ընտանիքի դերը։

Այսպիսով, լինենք ավելի համբերատար և հանդուրժող մեր ընտանիքի անդամների հանդեպ, փորձե՛նք պահպանել մեր ընտանիքները, մեր ընտանեկան խաղաղությունն ու երջանկությունը։