Երեխայի ազատ տեղաշարժվելու իրավունքը
[message type=”custom”]Արդյո՞ք ծնողներից մեկը կարող է առանց մյուս ծնողի համաձայնության երեխային Հայաստանից դուրս տանել։[/message]
Մեր գրասենյակ հաճախ են զանգահարում կամ այցելում հետևյալ հարցով՝
— Արդյո՞ք երեխային Հայաստանի տարածքից դուրս տանելու համար մյուս ծնողի համաձայնությունը պարտադիր կամ անհրաժեշտ է, թե՞ ոչ:
Նման հարց հիմնականում ծագում է այն դեպքում, երբ ծնողները ամուսնալուծված են և ապրում են առանձին, իսկ երեխան ապրում է նրանցից մեկի մոտ, և հենց այդ ծնողն էլ որոշել է առանց մյուս ծնողի համաձայնության, անգամ առանց վերջինիս տեղյակ պահելու, երեխայի հետ դուրս գալ Հայաստանի տարածքից, թեկուզ կարճ ժամանակով։ Հանդիպում են նաև դեպքեր, երբ ծնողներից մեկը անհայտ բացակայող է, և հնարավոր չէ ձեռք բերել նրա համաձայնությունը, իսկ երբեմն նման հարց է ծագում նաև համատեղ ապրող ծնողների մոտ, ովքեր ցանկանում են իմանալ այս հարցի շուրջ առկա օրենսդրական կարգավորումը, որպեսզի սահմանային կետերում խնդիրներ չունենան։
Սույն հոդվածի շրջանակներում կփորձենք տալ այդ հարցի պատասխանը՝ կատարելով ՀՀ օրենսդրության որոշակի իրավական վերլուծություն։
Նախ՝ նշենք, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխա է համարվում տասնութ տարին չլրացած անձը։ Յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ երեխայի ազատ տեղաշարժման իրավունքը կարագավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, որի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:
ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու՝ Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:
Ցավոք, Հայաստանի տարածք մուտք գործելը և Հայաստանի տարածքից դուրս գալը կարգավորող հատուկ օրենք մինչ օրս չի ընդունվել, ուստի երկրից դուրս գալու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հիմնական իրավական ակտը ՀՀ սահմանադրությունն է, իսկ օտարերկրացիների մասով՝ նաև «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը։ Նշված օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում նրա օրինական գտնվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ օրենքով կամ միջազգային պայմանագրերով։
Բացի երկրի հիմնական օրենքից, Հայաստանից դուրս գալու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն անձնագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար։
Նշանակում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար ՀՀ քաղաքացին, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխան անպայման պետք է ունենա ՀՀ անձնագիր։
Նույն օրենքի մեկ այլ հոդվածի համաձայն՝ մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով: Մինչև 16 տարեկան երեխային մյուս ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն: Հայտարարությանը կցվում է երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը:
Փաստորեն, եթե ծնողներից մեկը դիմում է ՀՀ ոստիկանություն մինչև 16 տարեկան երեխային անձանգիր տրամադրելու հարցով, ապա ենթադրվում է, որ նա նպատակ ունի երեխային Հայաստանի տարածքից դուրս տանել, թեկուզև կարճ ժամանակով, և դրա համար մյուս ծնողի համաձայնությունը պարտադիր չէ։ Իսկ եթե դատական կարգով կամ նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ արդեն իսկ որոշված է երեխայի բնակության վայրը՝ որպես ծնողներից մեկի բնակության վայր, ապա այդ ծնողն իրավունք ունի գրավոր ձևով արգելելու, որ մյուս ծնողին ՀՀ ոստիկանությունը երեխայի անձնագիր տրամադրի։
Այսինքն, քանի դեռ ՀՀ ոստիկանությունում առկա չէ ծնողի գրավոր անհամաձայնությունը երեխային անձնագիր տրամադրելու մասին, ապա անձնագրային ծառայությունն իրավունք ունի ծնողներից միայն մեկի դիմումի հիման վրա տրամադրելու անձնագիր։
Սույն վիճահարույց հարցը կարգավորվում է նաև ենթաօրենսդրական ակտով, մասնավորապես, ՀՀ ոստիկանության պետի «Անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումները հաստատելու մասին» 15.08.2008 թ․ թիվ 12-Ն հրամանով, որի 12-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ անձնագրային ծառայություններին արգելվում է անչափահաս երեխայի անձնագրում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին նշում կատարելու համար պահանջել դիմող ծնողի կամ մյուս ծնողի համաձայնությունը։
Նույն հրամանի 13-րդ կետի համաձայն՝ 12-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում անձնագրային ծառայությունը պարտավոր է դիմումատուին իրազեկել, որ առանց երկու ծնողների համաձայնության երեխայի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու իրավունքը կարող է սահմանափակվել սահմանային մարմնի կողմից:
ՀՀ օրենսդրության մեջ սա միակ իրավական նորմն է, որտեղ ամրագրված է երեխայի՝ ՀՀ տարածքից դուրս գալու սահմանադրական իրավունքի սահմանափակման մասին։
Նշվածից ակնհայտ է, որ երեխայի սահմանադրական իրավունքը սահմանափակվել է ենթաօրենսդրական ակտով, մինչդեռ մարդու հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, հետևաբար, հիշյալ հրամանն այդ մասով հակասահմանադրական է, բայց քանի դեռ այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի ճանաչվել հակասահմանադրական, նշանակում է՝ դեռևս ուժի մեջ է և գործում է Հայաստանի ամբողջ տարածքում։
Պետք է նկատել նաև, որ երեխայի տեղաշարժման իրավունքի սահմանափակումը վերոնշյալ հրամանում ամրագրված է որպես սահմանային մարմնի իրավունք, այլ ոչ թե պարտականություն, ինչը իր հերթին կարող է հանգեցնել կամայականությունների։ Հավանաբար դրանով է պայմանավորված, որ Հայաստանից ԱՊՀ երկրներ գնալիս սահմանային մարմինները պրակտիկայում որևէ խոչընդոտ չեն ստեղծում՝ կապված երեխայի տեղաշարժման հետ, ինչը չի կարելի ասել Հայաստանից եվրոպական երկրներ գնալու ժամանակ։
Փաստորեն, ստացվում է, որ օրենքով թույլատրվում է երեխային անձնագիր տալ միայն մեկ ծնողի դիմումի հիման վրա, սակայն ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտով՝ հրամանով սահմանափակվում է երեխայի տեղաշարժման իրավունքը, եթե առկա չլինի մյուս ծնողի համաձայնությունը երեխային Հայաստանի տարաքից դուրս տանելու ժամանակ։ Նշվածից պարզ է, որ օրենքի և ենթաօրենսդրական ակտի միջև կան հակասություններ այն առումով, որ եթե սահմանային կետն անցնելիս անհրաժեշտ է երկու ծնողների համաձայնությունը, ապա անձնագիրը տալու ժամանակ էլ պետք է պարտադիր լինի մյուս ծնողի համաձայնությունը, կամ պետք է օրենքով հստակ կարգավորվեն այն դեպքերը, թե երբ միայն մի ծնողը, առանց մյուս ծնողի համաձայնության, իրավունք ունի երեխայի հետ դուրս գալու Հայաստանի տարածքից։
Կարծում ենք, որ այս օրենսդրական բացը ապագայում կլուծվի և իրավական կարգավորում կստանա, բայց քանի դեռ լուծված չէ, և Դուք արդեն իսկ հայտնվել եք նման իրավիճակում, ապա առաջարկում ենք հետևել մեր ստորև նշված խորհուրդներին անհարկի խնդիրներից խուսափելու համար։
Այսպիսով, փորձենք ամփոփել և տալ հետևյալ հարցի պատասխանը՝ արդյո՞ք երեխային Հայաստանի տարածքից դուրս տանելու համար մյուս ծնողի համաձայնությունը պարտադիր կամ անհրաժեշտ է, թե՞ ոչ:
- Երեխային Հայաստանի տարածքից դուրս տանելու համար անհրաժեշտ է անձնագիր՝ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին նշումով։
- ՀՀ ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայության կողմից երեխային անձնագիր տրամադրելու համար բավարար է ծնողներից միայն մեկի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, եթե ՀՀ ոստիկանությունում առկա չէ երեխայի հետ բնակվող ծնողի գրավոր անհամաձայնությունը մյուս ծնողին երեխայի անձնագիր տրամադրելու մասին։
- Միմյանցից առանձին ապրող կամ ամուսնալուծված ծնողներից այն ծնողը, ում մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, իրավունք ունի ՀՀ ոստիկանությանը գրավոր հայտարարություն ներկայացնելու և արգելելու, որ երեխային անձնագիր տրամադրվի մյուս ծնողի դիմումի հիման վրա։
- Հայաստանի սահմանային կետերն անխափան անցնելու համար անհրաժեշտ է երկու ծնողների համաձայնությունը։
- Եթե միաժամանակ առկա չէ երկու ծնողների համաձայնությունը, ապա սահմանային մարմինը կարող է սահմանափակել երեխայի՝ Հայաստանի տարածքից դուրս գալու իրավունքը և թույլ չտալ երեխային դուրս բերել Հայաստանից, բայց կարող է և չսահմանափակել ու արգելք չհանդիսանալ։
- Երեխայի ազատ տեղաշարժվելու հարցում խնդիրներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս նոտարական կարգով վավերացված համաձայնություն վերցնել այն ծնողից, ով երեխայի հետ չի մեկնում Հայաստանից դուրս և իր համաձայնությունը չի տվել երեխային անձնագիր տալու համար դիմում ներկայացնելիս։
- Եթե մյուս ծնողը չի տալիս իր համաձայնությունը երեխային Հայաստանի տարածքից դուրս տանելու համար, ապա այդ հարցը ենթակա է լուծման դատական կարգով, որը, ամենայն հավանականությամբ, արագ չի լուծվի դատարանների ծանրաբեռնվածության և մի շարք այլ պատճառներով։
Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ երկու ծնողներն էլ ունեն և՛ հավասար իրավունքներ, և՛ հավասար պարտականություններ երեխաների դաստիարակության, կրթության և մյուս հարցերում, այդ թվում նաև տեղաշարժման հարցում, և միշտ պետք է ելնեն երեխայի լավագույն շահերից, հարգեն միմյանց ու երեխայի իրավունքները, փորձեն ընդհանուր համաձայնության գալ, չզրկեն մյուս ծնողին երեխայի կյանքում մասնակցություն ունենալուց, եթե, իհարկե, այդ ծնողի հետ շփումը վտանգավոր չէ երեխայի համար։